Ահա, թե ում դիմել և ինչպես ստանալ կոմունալ վճարների փոխհատուցումը

Այս շաբաթ ամբողջությամբ սկսեցին գործել կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող աջակցության սոցիալական ծրագրերը։

Ոլորտային աջակցության ծրագրերին անցնող շաբաթվա ընթացքում միացել են նաև կոմունալ վճարների փոխհատուցման ծրագրերը։ Ընդլայնվել է նաև արդեն գործող ծրագրերի շահառուների ցանկը։ Քաղաքացիներին հուզող գլխավոր հարցերն են` ում դիմել, ինչպես ստանալ աջակցություն։

Անցնող շաբաթվա ընթացքում կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երեք ծրագիր հաստատեց, երեքն էլ նույնն տրամաբանությունն ունեն՝ աջակցություն են քաղաքացիների սպառած գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց։ Տարբեր են միայն շահառուների խմբերն ու փոխհատուցման չափը։ Երեք ծրագրերն ունեն նաև մեկ ընդհանրություն․ նրանցից և ոչ մեկի շահառու դառնալու համար պետք չէ ոչ դիմում գրել, ոչ էլ որևէ գրասենյակ այցելել։

Կառավարությունը 50 տոկոսի չափով կփոխհատուցի այն քաղաքացիների գազի ու էլեկտարէներգիայի վարձավճարները, որոնց փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել բնական գազի սպառման գծով՝ 10 հազար, էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 հազար դրամը: Միջոցառումը վերաբերում է շուրջ 220 հազար բնակիչ-բաժանորդի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հստակեցրեց, թե ինչու են 50 տոկոսով, այլ ոչ թե 100 տոկոսով փոխհատուցում. «Հայաստանում կոմունալ վարձերը վճարելու շատ բարձր կուլտուրա կա, մենք ուզում ենք այնպիսի քաղաքականություն վարել, որպեսզի այդ կուլտուրային չվնասենք։ Այդ նպատակով էլ 50 տոկոսով ենք վճարում ծախսերը»:

Կոմունալ վճարների փոխհատուցման ևս մեկ ծրագիր հաստատվեց այս շաբաթ։ Այս անգամ այն ավելի մեծ թվով շահառուների է վերաբերում։ Կառավարությունը 30 տոկոսով կփոխհատուցի այն քաղաքացիների սպառած էլեկտրաէներգիայի ու գազի սակագինը, որոնք փետրվարին վճարել են 10-30 հազար դրամի գազ և 5-10 հազար դրամի էլեկտրաէներգիա։

Արդեն վճարած բոլոր քաղաքացիների համար գումարը որպես կանխավճար է գործելու։ Կոմունալ վճարների աջակցության ևս մեկ ծրագիր նախատեսված է ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքների համար։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի տեղեկացմամբ, աջակցություն կստանա շուրջ 85 հազար ընտանիք. «Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր ընտանիքին իր նպաստի չափի 50 տոկոսի չափով, որի 70 տոկոսը ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլի նպաստի հետ, իսկ 30 տոկոսը փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար, իսկ շահառու բաժանորդ չհանդիսանալու դեպքում՝ գումարը կանխիկ է տրամադրվում»։

Կոմունալ վճարների փոխհատուցման երեք ծրագրերի դեպքում էլ շահառուների գումարներն ավտոմատ են փոխանցվելու բնակիչ բաժանորդի հաշվին։

Սոցիալական աջակցության ծրագրերից ոչ բոլորն են, սակայն, ավտոմատ փոխհատուցմամբ գործում։ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների 8-րդ միջոցառման շահառուների ցանկն ընդլայնվեց։ Ամենաշատը տուժած ոլորտներում ներգրավվեցին նաև երթուղայինների գրանցված վարորդները, մասնավոր մակապարտեզների, սպորտային ակումբների, բիլիարդի, սեղանի թենիսի, լողավազանների գրանցված աշխատակիցներն ու ԱՁ-ները։ Նրանք dimum.ssa.am կայքում ութերորդ ծրագրի համար բացված պատուհանում դիմումի մուտքագրում բաժնում լրացնում են էլեկտրոնային փոստի հասցեն, որին ուղարկվում է համապատասխան կոդը։ Այն լրացնելուց հետո միայն շահառուն կարող է մուտքագրել իր տվյալները։ Եթե քաղաքացին շահառու է, ապա նշվում է՝ սպասել մինչ տվյալները կմշակվեն։

Սոցիալական աջակցության 9-րդ ծրագրի շահառուների ցանկը նույնպես ընդլայնվեց՝ աջակցության այս ծրագրից կարող են օգտվել նաև մարտի 12-ի դրությամբ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերը։

Կառավարությունն այս շաբաթ ընդլայնեց նաեւ տնտեսական աջակցության երրորդ ծրագրի շահառուների ցանկը։ Սա ոլորտային աջակցություն է կորոնավիրուսի հետևանքով տուժած տնտեսական ոլորտների ներկայացոիցիչների համար։ 2019թ 24-500 մլն դրամ շրջանառություն ունեցող մշակող արդյունաբերության, հանրային սննդի, զբոսաշրջության, սպասարկան այլ ծառայությունների, առողջապահության, փոխադրումների ոլորտների տնտեսվարողները կարող են նախորդ տարվա իրենց իրացման շրջանառության 10 տոկոսի չափով վարկ ստանալ՝ առանց բանկ այցելելու։

Գումարը տրամադրվում է 6 ամիս, մայր գումարի վճարման կարիք չկա, երկու տարի 0 տոկոս տոկոսադրույքով, 3-րդ տարի՝ 12 տոկոս տոկոսադրույքով։ Տնտեսվարողները պետք է դիմեն ներդրումների աջակցման կենտրոն։ Կարևոր է հարկային ու վարկային բարվոք պատմություն ունենալը. 30 օրը գերազանցող վարկային պարտավորություն և բռնագանձման վարչական վարույթ չպետք է ունենալ։ Այս ծրագրում ներառվեցին նաև մասնավոր մանկապարտեզների, շինարարության, սպորտի բնագավառում աշխատող, զվարճությունների ու հանգստի այլ ոլորտների տնտեսվարողները։

Рейтинг
( 6 оценок, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: