Վերջին խոսքերդ այնքան էին նման հրաժեշտի, ով մտածեր, որ երկու ժամ անց այլևս չես լինի մեզ հետ. Հերոսի քրոջ գրառումը

Աշխարհը չէր կարող հանդուրժել բարուն, իսկ պատերազմը չի ներում Ուժեղին:

Վերջին խոսքերդ այնքան էին նման հրաժեշտի, ով մտածեր, որ երկու ժամ անց այլևս չես լինի մեզ հետ: Ես այնքան հանգիստ էի քայլում աշխարհում, որովհետև գիտեի՝ բոլոր տեղերում կա մի անուն՝ Արտուշ և վերջ: Ինձ սովորեցրել էիր ինքնուրույնության, որ դիմանամ հետո այս ցավին, բայց քո չլինելը ընդամենն իմ չմահանալն է:

Այնքան եմ կարոտում խստությանդ, բարկանալուդ, չխոսելուդ, իսկ հետո մեղմ ժպտալուդ…Իմ Եղբայր ու Հայր, իմ ընկեր ու պաշտպան…
Ախր այնքան անզոր եմ քեզ այլ բան խնդրելու, որովհետև անգամ տանն էիր զինվորական համազգեստով, աշխատանքին ու մեր Հայրենիքին նվիրված, Զինվորիդ՝ որդուցդ չտարբերող, գիտեմ՝ մեր Եռագույնը կարևոր էր բոլորիցս ու սա զուտ խոսքեր չեն…

Ինձ մնաց մեր Դրոշը. ամեն անգամ կգրկեմ ու կարոտս կառնեմ, ինձ մնաց Եռաբլուրը, որտեղ իրավունք չպիտի ունենամ հայացքս բարձրացնելու Քո և մյուս Քաջերի առաջ, ինձ մնաց այն Արցախը, որն էլի տեսնելուց չէիր դիմանա…

Պարոն հրամանատար, չկա կարոտի չափ, չկա հպարտության սահման, չկա օր ու ժամ, քառօրյայի ժամանակ կատարածդ հերոսություններից հետո ես սարսափում էի. այս պատերազմն այլ ելքով չէր ավարտվի…

Իմ Երկինք, ես երբեք գոյություն ունենալուց բացի չեմ կարող ապրել, սա կարող է հասկանալ միայն այն քույրը, ով քեզ նման Պաշտպան ուներ…
Ես զրկվել եմ Հայից…

Նանե Արզումանյան

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: